• Հայերեն
  • Русский

Կալամա սուտտա Քարոզ Կալամաներին

Անգուտտարա Նիկայա III.65[ ]
Կալամա սուտտա
Քարոզ Կալամաներին
Միայն անվճար տարածելու համար
                                
Թարգմանությունը պալի լեզվից՝ Նյանապոնիկա Տհերայի և Բհիկկու Բոդհիի
                                                       Anguttara Nikaya "Numerical Discourses of the Buddha":
                                                                         An Anthology of suttas from the Anguttara Nikaya by
                                                            Nyanaponika Thera and Bhikkhu Bodhi, Altamira Press,1999.
                                                                                            Նախաբանը՝ Տհանիսսարո Բհիկկուի[ ]
                                                                                     Հայերեն թարգմանությունը՝ Ա. Ջանազյանի

Նախաբան
Չնայած այս քարոզը հաճախ մեջբերվում է որպես Բուդդայի կողմից տրամադրված քարտ-բլանշ՝ ճիշտ ու սխալի սեփական զգացողությանը հետամուտ լինելու նպատակով, սակայն իրականում այն շատ ավելի զորավոր է, քան թվում է: Չպետք է ավանդույթներին հետևել միայն այն բանի համար, որ դրանք ավանդույթներ են: Ավանդություններին (ինչպես, օրինակ՝ պատմական վկայություններին կամ նորություններին) հարկավոր չէ հետևել միայն այն պատճառով, որ դրանք թվացյալ հավաստի աղբյուրներից են: Սեփական նախասիրություններին չպետք է հետևել միայն այն բանի համար, որ դրանք տրամաբանական են թվում կամ համահունչ են ձեր հույզերին:  Փոխարենը, ցանկացած դիտարկում, համոզմունք հարկավոր է ուսումնասիրել մի թեմայի արդյունքում, որը ձեռք է բերվում այն գործնականում կիրառելիս, և սեփական նախատրամադրվածության  կամ սահմանափակումների հնարավոր ազդեցությունը այդ արդյունքների ընկալման վրա կանխելու նպատակով պետք է այդ հայացքներն ու համոզմունքները  ստուգել՝ դրանք իմաստուն մարդկանց փորձի հետ համադրելով նաև: Հարցեր տալու և սեփական համոզմունքները պատշաճ կերպով ստուգելու ունակությունը կոչվում է հիմնավորված ուշադրություն: Իմաստուն մարդկանց ճանաչելու և նրանց որպես սեփական խորհրդատու ընտրելու ունակությունը կոչվում է լավ ընկերներ ձեռք բերելու կարողություն: Ըստ Iti 16-17-ի, նրանք համարվում են առավել կարևոր ներքին ու արտաքին գործոնների, որոնք թույլ են տալիս գործնականում հասնել նպատակին: Ինրպես կարելի է մտավոր սնունդ ստանալ և, թե ինչպես կարելի է ուսումնասիրել համոզմունքները գործնականում, տե՛ս MN 61, MN 95, AN 7.80, և AN 8.53, իսկ թե ինչպես կարելի է պարզել, որ դիմացիդ մարդը խելացի է, տե՛ս MN 110, AN 4.192, և AN 8.54.
Կալամա սուտտա
Ասում են, մի անգամ Օրհնյալը վանականների մի մեծ խմբով թափառելիս հասնում է Կալամաների քաղաքը՝ Կեսապուտտա անունով[ ] : Եվ կալամաները Կեսապուտայից լսեցին. «Ահավասիկ ճգնավոր Գոթաման՝ Սակյանների որդին, Սակյանների տոհմից, հրաժարվելով աշխարհիկ կյանքից, ժամանել է Կեսապուտտա: Պատվելի Գոթամայի մասին շրջանառվում էր հետևյալ բարի համբավը. «Նա՝ Օրհնյալ արահանտ, ամբողջովին լուսավորյալ, օժտված ճշմարիտ գիտելիքներով և առաքինությամբ, կատարյալ, աշխարհին գիտակ, անզուգական առաջնորդ սանձահարման կարիք ունեցող մարդկանց համար, աստվածների և մարդկանց ուսուցիչ, Լուսավորյալ, Օրհնյալ»:  Նա սովորեցնում է այս աշխարհի մասին իր աստվածներով, Մարայով, Բրահմայով, այժմյան սերնդի մասին իր ճգնավորներով ու բրահմիններով, իր մարդկանցով ու աստվածներով, իրականացնելով դա իր սեփական իմացության միջոցով: Նա սովորեցնում է Դհամման, որը սքանչելի է սկզբում, սքանչելի է մեջտեղում և սքանչելի է վերջում՝ իր ոգուն ու տառին համապատասխան. նա բացահայտում է սուրբ կյանքը, կատարյալ ու մաքուր: Արդարև, հիանալի է տեսնել նրա նման արահանտների»:

Եվ ահա կալամաները Կեսապուտտայից մոտենում են այն տեղին, որտեղ Օրհնյալն էր: Նրանցից ոմանք պատշաճ հարգանք մատուցելով նրան՝ նստեցին մի կողմում, մյուսները ողջունելով և բարեկամական ու ջերմ խոսքեր փոխանակելով նրա հետ՝ նստեցին մյուս կողմում, ոմանք  հարգանքով խոնարհվելով նրան՝ նստեցին մի կողմում, մյուսները, լուռ մնալով, նստեցին մյուս կողմում:
Այնուհետև կալամաներն ասացին Օրհնյալին. «Տե´ր, Կեսապուտտա են այցելում շատ ճգնավորներ ու բրահմիններ: Նրանք պարզաբանում և մեկնաբանում են միայն իրենց սեփական ուսմունքը՝  վատաբանելով, մերկացնելով, նվաստացնելով ու ծաղրելով այլոց ուսմունքները: Հետո գալիս են ուրիշ ճգնավորներ ու բրահմիններ, ովքեր պարզաբանում և մեկնաբանում են միայն իրենց սեփական ուսմունքը՝  վատաբանելով, մերկացնելով, նվաստացնելով ու ծաղրելով այլոց ուսմունքները: Եվ մենք, Պատվելի, շփոթության ու տարակուսանքի մեջ ենք, թե այդ բարի ճգնավորներից ովքեր են ճշմարտությունն ասում, ովքեր՝ սուտը»:
- Տեղին է, կալամանե´ր, ձեր շփոթմունքը, տեղին է ձեր տարակուսանքը: Անվստահությունն առաջանում է մի բանից, որն ինքնին կասկածելի է: Լսե´ք, կալամանե´ր, մի´ առաջնորդվեք ավանդություններով, ուսմունքների ավանդականությամբ, խոսակցություններով, սուրբ գրքերով, մտացածին փաստարկներով, տրամաբանական հիմնավորումներով, պատճառների մասին դատողություններով, մտացածին տեսակետներով, բանախոսի թվացյալ իրազեկվածությամբ կամ այն մտայնությամբ, թե. «Այս վանականը մեր ուսուցիչն է»[ ], բայց երբ ինքներդ եք հասկանում, որ «այդ վարքագծերը վնասակար են, որ այդ վարքագծերը պարսավելի են, այդ վարքագծերը պախարակելի են իմաստունների կողմից, և կիրառվելով ու լիակատար զարգացման հասնելով՝ վնասում են և տառապանքներ պատճառում, ուրեմն հարկավոր է հրաժարվել դրանցից»:
- Ի՞նչ եք կարծում, կալամանե´ր, երբ մարդու մոտ ի հայտ են գալիս ընչաքաղցությունը, ատելությունն ու մոլորությունը, արդյոք դա վնասո՞ւմ է նրան, թե հասցնում է բարգավաճման  [6]:
- Վնասում է, Տե´ր:
- Իսկ եթե, կալամանե´ր, մարդը, ով լի է ցանկասիրությամբ, ով ատելություն է զգում և մոլորության մեջ է, ում տիրել են ագահությունը, ատելությունն ու տգիտությունը, ով կյանք է խլում, վերցնում է այն, ինչն իրեն տրված չէ, շնանում է ուրիշի կնոջ հետ, խաբում է և խրախուսում մյուսներին անել նույնը. արդյոք դա կվնասի՞ նրան և երկարատև տառապանքների կմատնի՞:
- Այո´, Տե´ր: 
- Ի՞նչ եք կարծում, կալամանե´ր, այդպիսի վարքագիծը վնասո՞ւմ է նրան, թե հասցնում է բարգավաճման:
 - Վնասում է, Տե´ր:
- Այն դատապարտելի՞ է, թե՝ անբասիր:
- Դատապարտելի է, Տե´ր:
- Նախատինքի՞, թե հավանության է արժանի իմաստունների կողմից:
- Նախատինքի, Տե´ր:
- Գործնականում կիրառվելով և լիակատար զարգացման հասնելով, այն վնասում է և հանգեցնում տառապանքների, այնպես չէ՞: Ի՞նչ եք կարծում:
- Գործնականում կիրառվելով և լիակատար զարգացման հասնելով, այդպիսի վարքագիծը վնասում է և հանգեցնում տառապանքների: Մենք այսպես ենք կարծում:
- Ահա թե ինչու, կալամանե´ր, ասում են. «Մի´ առաջնորդվեք…»:
Լսե´ք, կալամանե´ր, մի´ առաջնորդվեք ավանդություններով, ուսմունքների ավանդականությամբ, խոսակցություններով, սուրբ գրքերով, մտացածին փաստարկներով, տրամաբանական հիմնավորումներով, պատճառների մասին դատողություններով, մտացածին տեսակետներով, բանախոսի թվացյալ իրազեկվածությամբ կամ այն մտայնությամբ, թե. «Այս վանականը մեր ուսուցիչն է», բայց երբ ինքներդ եք հասկանում, որ «այդ վարքագծերը անվնաս են, որ այդ վարքագծերը անբասիր են, այդ վարքագծերը հավանության են արժանանում իմաստունների կողմից, և կիրառվելով ու լիակատար զարգացման հասնելով՝ հանգեցնում են բարօրության և երջանկության, ուրեմն հարկավոր է հետևել դրանց»:
- Ի՞նչ եք կարծում, կալամանե´ր, երբ մարդու մոտ բացակայում է ագահությունը, բացակայում է ատելությունը, բացակայում է մոլորությունը, արդյոք դա նրան վնասո՞ւմ է, թե հասցնում է բարգավաճման:
- Հասցնում է բարգավաճման, Տե´ր:
- Իսկ եթե, կալամանե´ր, մարդը, ում մոտ բացակայում է ագահությունը, բացակայում է ատելությունը, և ով մոլորության մեջ չէ, ում չեն տիրել ագահությունը, ատելությունն ու տգիտությունը, ով ձեռնպահ է մնում կյանք խլելուց, չի վերցնում այն, ինչն իրեն տրված չէ, չի շնանում ուրիշի կնոջ հետ և չի խաբում, ինչպես նաև խրախուսում է մյուսներին անել նույնը. արդյոք դա կնպաստի՞ նրա բարգավաճմանն ու հարատև երջանկությանը:
- Այո´, Տե´ր: 
- Ի՞նչ եք կարծում, կալամանե´ր, այդպիսի վարքագիծը վնասո՞ւմ է նրան, թե հասցնում է բարգավաճման:
- Հասցնում է բարգավաճման, Տե´ր:
- Այն դատապարտելի՞ է, թե՝ անբասիր:
- Անբասիր է, Տե´ր:
- Նախատինքի՞, թե հավանության է արժանի իմաստունների կողմից:
- Հավանության է արժանի իմաստունների կողմից, Տե´ր:
- Գործնականում կիրառվելով և լիակատար զարգացման հասնելով, այն հանգեցնում է բարգավաճման և երջանկության, այնպես չէ՞: Ի՞նչ եք կարծում:
- Գործնականում կիրառվելով և լիակատար զարգացման հասնելով, այն հանգեցնում է բարգավաճման և երջանկության: Մենք այսպես ենք կարծում:
- Ահա թե ինչու, կալամանե´ր, ասում են. «Մի´ առաջնորդվեք…»:
Այսպիսով, կալամանե´ր, այն ազնիվ աշակերտը, ով զուրկ է ագահությունից, զուրկ է չարակամությունից, զուրկ է մոլորությունից, դյուրըմբռնող է, միշտ ուշադիր, ապրում է բարյացակամության մտքով լցված աշխարհի մի կողմի նկատմամբ, հետո՝ երկրորդ կողմի, հետո՝ երրորդ կողմի, հետո՝ չորրորդ կողմի նկատմամբ: Նա ապրում է, լցված մեծ, համապարփակ, անսահման, ոչ թշնամական, ոչ չարամիտ մտքով, ցուցաբերելով բարյացակամություն աշխարհի բոլոր ծագերի նկատմամբ՝ վերից վար ու լայնակի [ ]:
Նա ապրում է՝ աշխարհի մի կողմի նկատմամբ կարեկցանքի մտքով լցված…
Նա ապրում է՝ աշխարհի մի կողմի ուրախությանը մասնակից լինելու մտքով լցված…
Նա ապրում է՝ անվրդով դիտարկման մտքով լցված աշխարհի մի կողմի նկատմամբ, հետո՝ երկրորդ կողմի, հետո՝ երրորդ կողմի, հետո՝ չորրորդ կողմի նկատմամբ: Նա ապրում է, լցված մեծ, համապարփակ, անսահման, ոչ թշնամական, ոչ չարամիտ մտքով, ցուցաբերելով անվրդով դիտարկում աշխարհի բոլոր ծագերի նկատմամբ՝ վերից վար ու լայնակի:
Ուրեմն, կալամանե´ր, այդպիսի ազնիվ աշակերտը, ում միտքն ազատ է թշնամանքից, չարակամությունից, անբասիր է ու մաքուր, դեռևս այս կյանքում գտնում է չորս մխիթարություն:
Առաջին սփոփանքը, որ նա գտնում է, հետևյալն է. «Եթե գոյություն ունի այլ աշխարհ, և եթե լավ ու վատ արարքները պտուղ են տալիս և իրենց ազդեցությունն ունենում, ուրեմն հնարավոր է, որ մարմնի քայքայման հետ՝ մահվանից հետո, ես կհայտնվեմ լավ տեղում, երանության աշխարհում»:
Երկրորդ սփոփանքը, որ նա գտնում է, հետևյալն է. «Եթե այլ աշխարհ գոյություն չունի, և եթե լավ ու վատ արարքները պտուղ չեն տալիս և չեն ունենում իրենց ազդեցությունը, այդուհանդերձ, հենց հիմա, այս կյանքում ես ապրում եմ երջանիկ, զերծ թշնամանքից ու անախորժությունից»:
Երրորդ սփոփանքը, որ նա գտնում է, հետևյալն է. «Ենթադրենք չարիքը վերադառնում է չարիք գործողին: Հետևաբար, քանի որ ես չար մտադրություններ չունեմ որևէ մեկի նկատմամբ, ապա ինչպե՞ս կարող եմ տառապանքի ենթարկվել, եթե չար գործեր չեմ կատարել»:
Չորրորդ սփոփանքը, որ նա գտնում է, հետևյալն է. «Ենթադրենք չարիքը չի վերադառնում չարիք գործողին:  Հետևաբար, հենց հիմա, երկու դեպքում էլ [ ], ես մնում եմ չարատավորված»:
Երբ, կալամանե´ր, այսպիսի ազնիվ աշակերտն այսկերպ ազատում է իր միտքը թշնամանքից, չարակամությունից, դարձնում է այն մաքուր ու անբիծ, ապա հենց այս կյանքում է նա գտնում այս չորս մխիթարությունները:
- Այդպես է, Օրհնյա´լ: Այդպես է, Կատարյա´լ: Երբ այսպիսի ազնիվ աշակերտն այսկերպ ազատում է իր միտքը թշնամանքից, չարակամությունից, դարձնում է այն մաքուր ու անբիծ, ապա հենց այս կյանքում է նա գտնում այս չորս մխիթարություները: 
Գերազանց է, Տե´ր: Գերազանց է, Տե´ր: Դա նույնն է, ինչ ընկածին բարձրացնելը, կամ թաքցրածը բացահայտելը, կամ մոլորվածին ճանապարհ ցույց տալը, կամ մթության մեջ ճրագ վառելը, որպեսզի ով աչք ունի, ուրվագծերը նշմարի: Ճիշտ նմանապես էլ Դհամման է տարբեր ձևերով ներկայացվել պատվելի Գոթամայի կողմից: Այժմ մենք ապավինում ենք պատվելի Գոթամային, Դհամմային և վանական Սանգհային: Թող Օրհնյալը մեզ համարի իր աշխարհիկ հետևորդները և ապավեն տա մեզ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ծանոթագրություններ
1. Բհիկկու Բոդհիի Կալամա-սուտտայի վերաբերյալ հետաքրքիր ակնարկ է հրատարակված http:// www.accesstoinsight.org կայքում. այն կարելի է գտնել, հղվելով՝ http://www.accesstoinsight.org/lib/authors/bodhi/bps-essay_09.html
2.Նույն սուտտայի վերաբերյալ Բհիկկու Բոդհին դասախոսություն է կարդացել, որը կարելի է գտնել, հղվելով՝ http://www.bodhimonastery.net/courses/MN/MP3/M0006_AN-03_065.mp3
 

 

  VRI Chattha Sangayana  – Aṅguttaranikāyo, Tikanipātapāḷi, 5.66  Kesamuttisuttaṃ հրատարակչության: Պալիյան Կանոնի տեքստերի համարակալման վերաբերյալ տե´ս՝ այստեղ:
  Տհանիսսարո Բհիկկուի նախաբանը վերցված է այստեղից:
  Անգուտտարա Ատտհակատհայի մեկնաբանությունների համաձայն այս քաղաքը գտնվել է անտառի սահմանին և ծառայել է որպես տարանցիկ կետ տարբեր տեսակի ուխտագնացների և ճգնավորների համար: Նրանց այցելությունները թույլ են տվել քաղաքացիներին ծանոթանալ զանազան լայնածավալ փիլիսոփայական համակարգերի հետ, սակայն համոզմունքների հակամարտող համակարգերը, որ առաջարկվում էին, նրանց գցում էին կասկածի և տարակուսանքի մեջ:
Այս սուտտան հաճախ բնութագրվում է որպես  «Ազատ հետազոտման իրավունք՝ Բուդդայի կողմից շնորհված», սակայն թեև այն ակնհայտորեն հավանություն չի տալիս կույր հավատին, այդուհանդերձ, այն չի պրոպագանդում սեփական կարծիքի գերազանցությունը հոգևոր ոլորտում: Ինչպես տեսնում ենք, Բուդդայի կողմից առաջարկված կարևոր չափանիշի օրինավորությունը իմաստունի կարծիքն է, և այդ չափանիշի կիրառումը ենթադրում է, որ եթե որևէ մեկը պատրաստ է ընդունել, որ մյուսներն իրենից ավելի իմաստուն են,  ինչպես նաև վստահությամբ ընդունել նրանց հանձնարարականները, ապա դա նրան կտանի բարգավաճման: [Մեկնաբանությունը՝ Բհիկկու Բոդհիի]
  Որպեսզի «անբավարարության այս 10 չափանիշները ճշմարիտ լինեն», դրանք կարող են խմբավորվել երեք կատեգորիաներում. առաջինը այն պնդումն է, որը հիմնված է ավանդույթի վրա, և որը ներառում է առաջին չորս չափանիշները: Նրանցից “oral tradition” (anussava)-ն - «ավանդույթը» սովորաբար ընկալվում է որպես Վեդաների ավանդույթի հղում, որոնք, ըստ բրահմինների պնդումների, ստեղծվել են Նախասկզբնական Աստվածության կողմից և բանավոր փոխանցվել են սերունդների միջոցով: «Lineage» (paramparā) - «ուսմունքի ավանդականությունը» նշանակում է ավանդույթ ընդհանրապես, որը չի ընդհատում ուսմունքների և ուսուցիչների հաջորդականությունը: “Hearsay” (itikirā) – «խոսակցությունները»  կարող են նշանակել համատարած կամ համընդհանուր կարծիք: “А collection of scriptures ” (piṭaka-sampadā) – «Սուրբ Գրքեր» նշանակում է հավաստի ճանաչված ցանկացած կրոնական տեքստերի հավաքածու:
Երկրորդ հավաքածուն, որն ընդգրկում է հետևյալ չորս դրույթները (takkahetu, nayahetu, ākāraparivitakkena, diṭṭhinijjhānakkhantiyā), վերաբերում է այն չորս տեսակի հետևություններին, որոնք առանձնացվել են Բուդդայի մտածող-ժամանակակիցների կողմից. նրանց միջև եղած տարբերությունը տվյալ մեկնաբանությունը չի դիտարկում:
Երրորդ հավաքածուն, որը բաղկացած է վերջին երկու կետերից, ներառում է իր մեջ երկու տեսակի հեղինակավորություններ. առաջինը՝ ճարտասանի անձնական խարիզման է (հնարավոր է նաև, այդ թվում, արտաքին նշանները, օրինակ՝ բարձր մակարդակի կրթվածությունը, հետևորդների բազմաքանակությունը, իշխանավորի հարգանքը, և այլն), երկրորդն այն հեղինակությունն է, ով հիմնվում է ճարտասանի հետ ունեցած  որևէ անհատի անձնական փոխհարաբերությունների վրա, ով հանդիսանում է իր անձնական ուսուցիչը (տեքստում օգտագործվում է պալիյան «garu» բառը,  որը նույնական է սանսկրիտի «guru» բառի հետ): Ավելի մանրամասն վերլուծության համար տես՝ Jayatilleke, Early Buddhist Theory of Knowledge, pp. 175–202,  271–75. [Մեկնաբանությունը՝ Բհիկկու Բոդհիի]
  Ըստ Բուդդայի, սրանք այն երեք վնասակար սկզբնապատճառներն են, որոնք ընկած են ցանկացած բարոյազուրկ վարքի և մտածողության բոլոր աղտոտված վիճակների հիմքում [տես՝ "An anthology...": AN 24 (Causes of Action III, 33), 37 (Lust, Hatred and Delusion III, 76)]. Քանի որ Բուդդայի ուսմունքի նպատակը կայանում է ագահության, ատելության ու մոլորության ոչնչացման մեջ, Նա հմտորեն ուղղորդում է կալամաներին ընդունել Ուսմունքը, պարզապես դիմելով իրենց սեփական փորձին, առանց պարտադրելու նրանց իր հեղինակությունը: [Մեկնաբանությունը՝ Բհիկկհու Բոդհիի]
  Այստեղ Բուդդան ներմուծում է չորս «աստվածային օթևանների» (brahmavihāra) – համապարփակ բարյացակամության, կարեկցանքի, կարեկից ուրախության և մտքի հանդարտության զարգացումը: Բարյացակամությունը (mettā) ֆորմալ առումով բնորոշվում է որպես բարգավաճման և երջանկության ցանկություն բոլոր կենդանի էակների նկատմամբ, կարեկցանքը (karuṇā) – որպես ցավակցություն բոլորի նկատմամբ, ովքեր ենթարկվում են տառապանքի, կարեկից ուրախությունը (muditā) – որպես ուրախության արտահայտություն այլոց հաջողությունների և առաջադիմության նկատմամբ, և մտքի հանդարտությունը (upekkhā) – որպես օբյեկտիվ և անկողմնակալ վերաբերմունք բոլոր կենդանի էակների նկատմամբ: [Մեկնաբանությունը՝ Բհիկկու Բոդհիի]
  «Երկու դեպքում էլ»  (ubhayen'eva) – քանի որ նա չարիք չի գործել և քանի որ իրեն չարիք չի պատճառվի: [Մեկնաբանությունը՝ Բհիկկու Բոդհիի]

 

Яндекс.Метрика